Մարդկանց ու մարդկային համակարգերի միջև հարաբերությունների բնույթից կախված՝ նրանց միջև փոխազդեցությունը կարող է լինել փոխադարձ օգնությունից ու համագործակցությունից սկսած մինչև հակամարտություն ու գոյաբանական կռիվ։
Եթե նույն հարցին մոտենանք մարդկանց ու մարդկային համակարգերի նպատակների, նրանց ունեցած կամ սպասելիք շահերի ու կորուստների տեսանկյունից, ապա դրանց մասշտաբայնության ու բարդության աճի և կազմակերպական հիերարխիայի աստիճաններով բարձրանալու հետ միասին նկատվում են երկու տենդենցներ.
1․ Մարդկանց նպատակների ու շահերի ավելի ու ավելի քիչ համընկնելու հետ միասին աստիճանաբար թուլանում է նաև նրանց հարաբերությունների մեջ ոչ ուժային բաղադրիչը։
2․ Բացի դրանից, մարդկանց նպատակների ու շահերի ավելի ու ավելի քիչ համընկնելու հետ միասին աստիճանաբար աճում է նրանց հարաբերությունների մեջ առկա հակամարտ բնույթի ուժային բաղադրիչը։
Ինչ վերաբերում է մարդկանց միջև հարաբերությունների ուժային բաղադրիչին, ապա այն, սկզբում ունենալով պարզ մրցակցային բնույթ, բարդանալու հետ միասին աստիճանաբար ծնում է նաև թշնամական ու գոյաբանական մաս, որն էլ աճում է հարաբերությունների ուժային բաղադրիչի հետ միասին։
Այսինքն, գոյության մրցակցային պայքարում հակամարտ կողմերն իրենց նպատակների ու շահերի չհամընկնելու պատճառով և, միաժամանակ, հնարավոր կորուստներից խուսափելու նպատակով հակառակ կողմի վրա գործադրում են ավելի ու ավելի մեծացող ճնշում։
Մրցակցության պրոցեսում այդ փոխադարձ ճնշումների սիստեմատիկ աճը մարդկանց ու մարդկային համակարգերին մղում է դեպի իրենց հնարավորությունների վերին սահման, որտեղ նրանց հարաբերությունների լարվածությունը ունենում է ոչ գծային կտրուկ աճ։
Մարդկանց միջև հակամարտ հարաբերությունների վերին սահմանը անորոշություններով ու գոյաբանական ռիսկերով լի մի տիրույթ է, որտեղ կտրուկ կերպով աճում է պատահականությունների և հակառակորդների կողմից անսպասելի նախաձեռնությունների դերը։
Ուրիշ խոսքով, նման պայմաններում այն բանի հավանականությունը, որ մարդկանց հարաբերությունները սառը պատերազմական վիճակից կարող են անցնել շեմային սահմանը և վերածվել տաք պատերազմի, այդ տիրույթ-դաշտում կտրուկ աճում է։
Սա մարդկանց միջև գոյաբանական կռվի ստրուկտուրային պատկերն է, որը կարելի է կիրառել տարբեր կոնկրետ իրավիճակներում հակամարտությունների անալիզի և կանխատեսումների, ինչպես նաև գոյապայքարի սառը փուլից տաքին անցնելու ռիսկերի գնահատման համար։
Ներկա վիճակում, միաբևեռ աշխարհից բազմաբևեռին կամ էլ երկբևեռին անցում կատարելու պայմաններում, շատ կարևոր է հնարավորինս ճիշտ գնահատել ձևավորվող հակամարտ կողմերի պոտենցիալ օգուտներն ու կորուստները, որոնց չափից կախված տարբեր կլինի հակամարտության ընթացքը՝ դեպի ուժային հավասարակշռություն չափավոր կորուստների դեպքում, կամ էլ դեպի կործանարար ուժային անհավասարակշռություն՝ կողմերից որևէ մեկի անչափելի կորուստների դեպքում։
Այստեղ խոսքը աշխարհի կեսի չափ հարստություն գտնելու կամ կորցնելու մասին է, որը հանգում է ռեսուրսների համար գլոբալ պայքարին, անկախ նրանից, դրանք Արկտիկայի՞ ռեսուրսներն են, թե՞ Եվրասիայի կորիզի (Heartland) ռեսուրսները։
Պավել Բարսեղյան